Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ։ 2Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ 6Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ։ 7Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ 8Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»։ ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13 1-9